Ստանդարտ ուղեցույցներ

 

 

Որպես կկ խորհրդատու՝ իմ աշխատանքի մեծ մասը համացանցով կամ հեռախոսով հարցերին պատասխանելն է: Ես նկատեցի, որ հաճախ պատասխանը սկսում եմ այսպես. «նման դեպքում, ստանդարտ խորհուրդները այսպիսին են»: Եվ ես որոշեցի հաճախ կրկնվող դեպքերի համար նախատեսված խորհուրդները հավաքել մեկ հոդվածում:

Ուշադրություն դարձրեք, որ այդ խորհուրդները ստանդարտ են, այսինքն, նախատեսված են ստանդարտ մայր-երեխա զույգի համար, բաղկացած` ստանդարտ կրծքով ստանդարտ մորից և ստանդարտ բերանով ու ստանդարտ լեզվով բալիկից: Շատ դեպքում այս խորհուրդները կօգնեն, բայց եթե դուք ցանկանում եք ստանալ կոնկրետ ձեր և ձեր երեխայի համար օգնություն և խորհրդատվություն, ապա ճիշտ է դիմել մասնագետի:

Եվս մեկ շատ կարևոր խորհուրդ` ժամանակ մի’ կորցրեք: Որքան շուտ անդրադառնաք խնդրի լուծմանը, այդքան արագ այն կդադարի ձեզ անհանգստացնել:

Եվ այսպես.

Լակտոստազ – կաթի լճացում

Ախտանիշները. – Կրծքի որևէ հատված հանկարծակիորեն կոշտանում է, սկսում է ցավալ, կարող է կարմրել, հնարավոր է ջերմություն:

Ինչը կօգնի.

  1. Տաքացնել կուրծքը. կարելի է ցնցուղի տակ,
  2. Թեթևակի մերսելով կոշտացած հատվածը հնարավորինս կթել-դատարկել,
  3. Մոտեցնել երեխային հիվանդ կրծքին այնպես, որ նրա դունչը կամ քիթիկը ուղղված լինեն դեպի կոշտացումը: Կերակրման ընթացքում թեթևակի մերսել այդ հատվածը:
  4. Կոշտացած հատվածին սառը դնել. սառցե խորհանարդիկներ փաթեթի (տոպրակի) մեջ, պահել մոտ 5 րոպե; սառը, ծեծած, հյութաքամված կաղամբ՝ մոտ 15 րոպե; սառը թրջոց` մինչև տաքանա (դնելուց 10 րոպե առաջ կարելի է տեղադրել սառցախցիկում):
  5. Կրկնել վերոնշյալ գործողությունները 1,5-2 ժամը մեկ:
  6. Եթե կոշտացման առաջացումից մեկ օր հետո իրավիճակը չի լավանում՝ հարկավոր է դիմել մասնագետի:
  7. Պարբերաբար կրկնվող լակտոստազի դեպքում դիմել մասնագետի:

Ինչը կարող է վնասել`

  1. Տաքացնող կոմպրեսները
  2. Օղիով և/կամ կամֆորայով փաթաթանը
  3. Հիվանդ կրծքով կերակրման դադարեցումը
  4. Կոպիտ ճմռելով մերսելը, կրծքագեղձի (կրծքի սպիտակ հատվածի) վրա ուժ գործադրելը

Կաթը քիչ է

Նշանները.

Միակ օբյեկտիվ նշանը.  մինչև 3 ամսական երեխայի շաբաթական քաշի աճը 125-150 գրամից քիչ է:

Անուղղակի նշաններն են.

  • 0-1 ամսեկան երեխան 24 ժ ընթացքում կեղտոտում է մեկ անգամից քիչ
  • երեխայի մեզը դեղին կամ նարնջագույն է (անգույն չէ)
  • 2 շաբաթական և դրանից մեծ տարիքի երեխայի թաց տակաշորերի թեսթի արդյունքը ցույց է տալիս, որ երեխան միզում է 10-12 անգամից կամ 300 գրամից քիչ (որն է թաց տակաշորերի թեսթը)
  • երեխան քնում է 2-3 ժամից ավել

Անհանգստացնող իրավիճակներ.

  • 4 օրական երեխայի տակդիրի մեջ դեռևս մեկոնիում է նկատվում (նորածիններին բնորոշ սևականաչավուն կեղտ)
  • 2 շաբաթական և ավելի մեծ երեխայի քաշը ծննդյան քաշից քիչ է

Նման դեպքերում պետք է անհապաղ դիմել մասնագետի:

Ինչը կօգնի.

  1. Երեխային ճիշտ մոտեցնել կրծքին
  2. Ցերեկը կերակրել 1-1,5 ժամը մեկ
  3. Կերակրել գիշերը 2-4 անգամ
  4. Յուրաքանչյուր կերակրման ընթացքում մի քանի անգամ փոխել կրծքերը
  5. Չտալ ծծակ և ջուր (եթե նախկինում տրվել է)
  6. Քնել երեխայի հետ
  7. Եթե 3-4 օրվա ընթացքում դրությունը չի փոխվում (այսինքն` երեխան չի սկսում օրական 20գ ավելանալ), պետք է դիմել մասնագետի:

Ինչը կվնասի (չի օգնի լուծել հարցը, կառաջացնի մոր և երեխայի մոտ առողջական խնդիրներ)

  1. Մայրիկի շատ ուտելը/ շատ խմելը/ շատ քնելը
  2. Թխվացքաբլիթ (պրյանիկ)/ քաղցրավենիք/ կաթ/ խտացրած կաթով թեյը
  3. Հազվադեպ կերակրումը` սպասելով, որ կուրծքը լցվի
  4. Երեխային կաթնախառնուրդ տալը
  5. Շշով կերակրումը
  6. Ծծակ տալը
  7. Սպասելը մինչև երեխայի քառասունքը կլրանա, հույսով, որ ամեն ինչ կհարթվի: