Արդյո՞ք կրծքով կերակրելու ընթացքում չի կարելի բուժվել

 

 

Զանգահարում է ինձ կրծքով կերակրող մայրիկ։ Երեխան 2 ամսական է։ 3 շաբաթ առաջ բժիշկ-նյարդաբանը նշանակել է իրեն բուժում ու ասել, որ այն համատեղելի չէ կրծքով կերակրման հետ։

Մայրիկը սկսել է բուժումը և երեխային տվել կաթնախառնուրդ։ 2 շաբաթ անց նա ավարտել է բուժումը և փորձել երեխային կրկին կերակրել կրծքով։ Երեխան զարմացած նայել է.  «Ի՞նչ է սա: Ու՞ր է իմ շիշը»։

 

Ես հարցրեցի, թե ինչ դեղորայք է նա օգտագործել։ Որից հետո Մարինա Ալտա իսպանական հոսպիտալի կայքում e-lactancia.org ստուգեցի դրանք ու պարզեցի, որ նշանակված 2 դեղորայքն էլ միանգամայն անվտանգ են երեխայի համար, հետևաբար լիովին համատեղելի են կրծքով կերակրման հետ։ Այդ կինը կարող էր բուժվել և միևնույն ժամանակ շարունակել կերակրել երեխային կրծքով։

 

Այդ դեպքում ինչու՞ է բժիշկը արգելել մայրիկին կերակրել կրծքով։

Ամենայն հավանականությամբ, ներդիրի մեջ գրված է եղել, որ այդ դեղորայքը հակացուցված է կրծքով կերակրման ընթացքում։ Ինչու՞մն է խնդիրը։

 

Որպեսզի դեղորայքը թույլատրվի օգտագործել կրծքով կերակրող մայրերին, ներմուծող երկիրը պետք է անցկացնի տվյալ դեղորայքի հետազոտություն իրենց իսկ երկրում:

Հաճախ դրա համար բավարար գումար չի լինում կամ չի լինում ցանկություն այդ գումարը ծախսելու։ Ավելի հեշտ է գրել «չկան տվյալներ համատեղելիության մասին» կամ «չի թույլատրվում օգտագործել ԿԿ ընթացքում»։

 

Բարեբախտաբար, ազդող նյութերը ուսումնասիրվում են լաբորատորիաներում, տարբերակվում են ցուցանիշներ, ըստ որոնց հնարավոր է հասկանալ, արդյոք դրանք անցնում են մայրական կաթի մեջ թե ոչ։ Սահմանվում է ժամանակ, որից հետո դեղորայքը դուրս է գալիս օրգանիզմից։ Հետազոտություններ են իրականացվում կրծքով կերակրող մայրերի խմբերում։ Հետազոտությունների արդյունքների հիման վրա կազմվում են տվյալների բազաներ ըստ պատրաստուկների առանձնահատկությունների և ըստ դրանց կիրառման առաջարկությունների:

 

Օրինակ՝ վերոնշյալ հոսպիտալի կայքը բաժանում է բոլոր պատրաստուկները 4 խմբի՝ ելնելով իրենց ռիսկի աստիճանից երեխայի և/կամ կրծքով կերակրող (ԿԿ) մայրիկի համար։ Այդ խմբերն են՝

բացարձակ անվտանգ (կանաչ),

հնարավոր է փոքր ռիսկ (դեղին),

բարձր ռիսկ (նարնջագույն),

շատ բարձր ռիսկ (կարմիր)։

 

Մայրիկներին հաճախ նշանակվող դեղորայքների մեծամասնությունը դասվում են կանաչ խմբին։ Դրանց շարքում են հակաբիոտիկներ, ջերմիջեցնողներ, ցավազրկողներ, հորմոնային, հակասնկային միջոցներ և այլն։ Եթե կա ռիսկ, ապա կայքը առաջարկում է այլընտրանքներ։

 

Ուշադրություն դարձրեք, որ բարձր ռիսկային (նարնջագույն և կարմիր) խմբի որոշ դեղամիջոցներ (օրինակ՝ կաբերգոլինը) ընդգրկված են այդ խմբում հենց կրծքով կերակրման համար ռիսկային լինելու պատճառով. դրանք նվազեցնում են կաթի քանակը, բայց երեխայի համար բացարձակ անվտանգ են։ Այսպիսի դեղամիջոցներ ընդունելուց հետո կարելի է շարունակել կերակրել։

 

Կայքի հոդվածները ներկայացված են անգլերեն և իսպաներեն լեզուներով։ Դուք կարող եք հեշտությամբ ստուգել ձեզ նշանակված դեղորայքի համատեղելիությունը ԿԿ հետ հենց բժշկի մոտ այցի ընթացքում՝ փնտրման դաշտում մուտքագրելով ազդող նյութի անվանումը (այլ ոչ թե դեղորայքի վաճառքային անվանումը, իսկ ազդող նյութի անվանումը հնարավոր է գտնել համացանցում)։ Երբեմն դեղամիջոցը բաղկացած է լինում 2 պատրաստուկից, ինչպիսին օրինակ հաճախ նշանակվող հակաբիոտիկ ամոքսիկլավ (ամոքսիցիլին+քլավուլանաթթու): Այդ դեպքում պետք է ստուգել յուրաքանչյուր բաղադրիչը առանձին։ Հոդվածում ներկայացված են պատրաստուկների առանձնահատկությունները. օրինակ՝ քսուքը պետք է մաքրել պտուկների վրայից մինչև կերակրելը կամ պետք է զգուշությամբ օգտագործել, եթե երեխան ծնվել է անհաս կամ նորածին է (ծնունդից հետո առաջին 28 օրը)։

 

Ի հավելումն, երբ մայրիկները որոշում են դադարեցնել ԿԿ (նույնիսկ ժամանակավոր՝ բուժման ընթացքում), նրանք մտածում են այն ռիսկի մասին, որ կաթի հետ մեկտեղ երեխան կստանա ինչ-որ քանակի դեղամիջոց։ Եվ նրանք կարծում են, որ փոխարինում են իրենց կաթը համարժեք ու անվտանգ մթերքով՝ կաթնախառնուրդով։ Նրանք մոռանում են (կամ չգիտեն) նրա մասին, որ կաթնախառնուրդը բոլորովին անվտանգ չէ երեխայի առողջության համար։ Ապացուցված է, որ կաթնախառնուրդը բարձրացնում է երեխայի մոտ ալերգիայի, ստամոքս-աղիքային տրակտի, շնչուղիների, ասթմայի, 1-ին տիպի դիաբետի, մանկական օնկոլոգիական հիվանդություններ առաջացման հավանականությունը։

 

Եվ ամենավերջում, եթե մայրիկին շտապ անհրաժեշտ է բուժում, որը իսկապես անհամատեղելի է ԿԿ հետ, և մայրը որոշում է ժամանակավորապես ընդհատել ԿԿ, բայց բուժումը ավարտելուց հետո ցանկություն ունի շարունակել կերակրել, ապա նա պետք է հիշի հետևյալ երկու հանգամանքի մասին։

  1. Պետք է պահպանել լակտացիան. այսինքն, պարբերաբար կթել երկու կուրծքը ամբողջ բուժման ընթացքում (օրական 6-8 անգամ՝ կախված երեխայի տարիքից)։
  2. Սնունդը, որով երեխան կերակրվում է (ցանկալի է, որ դա լինի դոնորական կրծքի կաթ, եթե ոչ, ապա կաթնախառնուրդ), պետք է տալ ոչ թե շշով, այլ գդալով, բաժակով կամ ներարկիչով։ Այսպես, ռիսկը, որ երեխան դադարից հետո կհրաժարվի կրծքից, կլինի նվազագույնը։

 

 

Առանձին դեպքեր.

  • անզգայացումով և առանց անզգայացման ատամները բուժելուց անմիջպես հետո կարելի է կերակրել
  • մարմնի ցանկացած հատվածը ռենտգեն հետազոտություն անցկացնելուց անմիջպես հետո կարելի է կերակրել
  • ընդհանուր անզգայացումից անմիջպես հետո կարելի է կերակրել. հենց մայրիկը ամբողջությամբ ուշքի գա (արյան մեջ չկա դեղամիջոց = չկա նաև կաթի մեջ)

 

Եթե դուք չեք կարողանում գտնել պատրաստուկ վերոնշյալ կայքում, կասկածում եք, չեք կարդում իսպաներեն կամ անգլերեն, խնդրում եմ դիմել կրծքով կերակրման խորհրդատուի։