Ո՞րն է թաց տակաշորի փորձը

Կաթի քանակը ավելացնելու, լակտացիայի վերականգնման գործընթացում, ԿԽ (կաթնախառնուրդից) կամ խառը սնուցումից ԿԿ (կրծքով կերակրկման) անցման և մի շարք այլ իրավիճակներում պետք է հասկանալ, թե ինչքան կաթ է քաշում երեխան մայրական կրծքից:

Այն իրավիճակում, երբ ամեն ինչ ճիշտ է, երեխան բավարար քանակի քաշ է հավաքում. այդ դեպքը մեզ չի հետաքրքրում, քանի որ երեխան ստանում է այնքան կաթ, որքան իրեն անհրաժեշտ է:

Արևմտյան երկրներում խորհրդատուները առաջարկում են վարձակալել շատ ճշգրիտ կշեռք (1-2 գրամի սխալման հավանականությամբ) և մեկ օրվա ընթացքում կշռել երեխային ամեն կերակրելուց առաջ և հետո: Այնուհետև մայրիկը
գումարում է բոլոր գրանցած տվյալները և ստանում կաթի այն քանակը, որը երեխան կերել է օրվա ընթացքում:

Ինչպես նկատեցիք, կրծքով կերակրվող երեխայի դեպքում մեզ միշտ հետաքրքրում է օրվա կաթի քանակը, քանի որ նա ամեն անգամ կրծքին մոտեցնելիս ստանում է տարբեր քանակի կաթ:

Քանի որ այդպիսի կշեռքները ամեն տեղ հասանելի չեն, մենք օգտագործում ենք այլ տարբերակներ:

 

Առաջին տարբերակ. մեկ օրվա ընթացքում (24 ժամ) միզարձակման հաշվարկ

Հանում ենք երեխայի տակդիրը, փաթաթում ենք իրեն տակաշորով/հագցնում ենք կիսավարտիք/թողնում ենք առանց հագուստ և հետևում ենք միզարձակմանը: Ամեն միզելուց նշում ենք կատարում թերթիկի վրա: 24 ժամ անց հաշվում ենք, թե քանի անգամ է երեխան միզել ու տեղեկացնում ենք խորհրդատուին:

 

Երկրորդ տարբերակ. օրվա արտազատումների քանակի որոշում

Երբ փոխում ենք երեխայի տակդիրը, նշում ենք ժամը։ Օրինակ. առավոտյան 10-ին հագցրել ենք չոր տակդիր։ Երբ այդ տակդիրը թաց է, հանում ենք այն, փաթաթում ու դնում պոլիէթիլենային տոպրակի մեջ, իսկ տոպրակը ամուր փակում ենք, որպեսզի խուսափենք գոլորշիացումից։ Նույն տոպրակի մեջ հավաքում ենք 24 ժամվա ընթացքում փոխած բոլոր տակդիրները։ Վերջինը հանում ենք հաջորդ օրը առավոտյան ժամը 10-ին (եթե ենթադրում ենք, որ սկսել եք նախորդ օրը առավոտյան 10-ին)։ Այսինքն, մենք հավաքել ենք 24 ժամվա ընթացքում օգտագործած բոլոր տակդիրները։ Հիմա էլեկտրական կշեռքով (մանկական, խոհանոցային կամ խանութում) պետք է կշռել այդ բոլոր տակդիրները միասին։ Նույն կշեռքով կշռում ենք այնքան չոր տակդիր, որքան կար թաց։ Հաշվում ենք դրանց տարբերությունը ու տեղեկացնում խորհրդատուին։ Եթե այդ օրվա ընթացքում երեխան միզել է ոչ տակդիրի մեջ, նշում ենք կատարում տետրում ու դրա մասին նույնպես տեղեկացնում ենք խորհրդատուին։

 

Պետք է նշել, որ այս երկու տարբերակն էլ համարվում են որակական, ոչ թե քանակական։ Այո, ամենայն հավանականությամբ, այն երեխան, որը օրվա ընթացքում միզել է 16 անգամ, լավ է քաշ հավաքում, բայց նաև ինձ հանդիպել է այնպիսի դեպք, երբ երեխան օրվա ընթացքում միզել է 20 անգամ, բայց քաշ հավաքում էր մինիմալով՝ 500 գրամ ամսական։

Այսինքն, հիմնվելով միայն միզարձակման հաշվարկի արդյունքների վրա հնարավոր չէ վստահ ասել, որ ամեն ինչ լավ է կամ վատ։ Պետք է հաշվի առնել նաև երեխայի տարիքը և քաշը, հասուն է ծնվել թե անհաս, ինչպես նաև հավաքած քաշը։

7-10 օրական երեխայի համար ավելի նպատակահարմար է առաջին տարբերակը (միզարձակման հաշվարկ)։

Բայց ժամանակային կտրվածքով, երբ մենք նկատում ենք, որ այսօր 300 գրամ մեզ է, իսկ 3 օրից՝ 350, նույն քանակի կաթնախառնուրդի դեպքում, ապա պարզ է դառնում, որ մայրական կաթի քանակը ավելացել է, և հետևաբար կաթնախառնուրդի քանակը կարելի է նվազեցնել։ Ամեն օր երեխային կշռելը այս դեպքում քիչ կօգնի, քանի որ ստանդարտ կշեռքները ունեն մեծ սխալվելու հավանականություն (10-ից 20 գրամ), և երեխաները oրական հավաքում են նվազագույնը 17-ից 20 գրամ քաշ. այսինքն, սխալ կշռելը կարող է աղավաղել աշխատանքի արդյունքը։

Լինում են նաև դեպքեր, երբ անհրաժեշտ է արագ հասկանալ, թե որքան քիչ է կաթը և շտապ լուծել կաթնախառնուրդի հարցը։ Այդպիսի դեպքերում մեզի քանակության մասին տեղեկությունը, որը հնարավոր է ստանալ 24 ժամվա ընթացքում, օգնում է խորհրդատուին ժամանակին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել։